«Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողով Օսլոյում
Ցեղասպանությունը մարդկանց նկատմամբ աննկարագրելի բռնություն է՝ մարդկանց ոչնչացնելու մտադրությամբ։ Ցեղասպանության ժխտումը կատարվում է բռնությունը արդարացնելու, մեղավորներին անպատժելիություն եu անձեռնմխելիություն ապահովելու նպատակով, ինչը հանցագործությունը կրկնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Զոհերի հարազատների, վկաների համար ժխտումը նոր տրավմաների է հանգեցնում, ձեւավորվում են նոր տրավմաներ, տեղի ունեցածի մասին լռելու, ճնշումներով լռեցնելու հանգամանքը հանգեցնում է նոր հոգեբանական ճնշումների, հուզումների։
Այս թեզերին վերաբերող հոգեբանական հարցերն են արծարծվել «Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում, որ տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։
Համաժողովի կայացմանն աջակցել են Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտը, Նորվեգիայի Հայ Առաքելական Եկեղեցու Միությունը, Օսլոյի համալսարանի բժշկության ֆակուլտետի ներկայացուցիչները, Օսլոյում Հոլոքոստի և փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնը, նորվեգացի հոգեբույժ Անն Ֆաերդինը և իհարկե Նորվեգիայում ապրող ու ստեղծագործող հայ համայնքը։ Համաժողովին Հայաստանից մասնակցել են Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ԱՄՆ- ից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտի պրոֆեսոր Թաներ Աքչամը և Օսլոյի համալսարանի ֆիզիոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Նորա Սվեասը, պրոֆեսոր Ջոաչիմ Սավելսբերգը Մինեսոտայի համալսարանից, ներկայացուցիչներ Շվեդիայում Հայաստանի դեսպանությունից, ինչպես նաև Նորվեգիայի գիտական համայնքից։
Համաժողովում քննարկվող առանցքային թեման ցեղասպանության ժխտման հետևանքներն էին, բայց միեւնույն ժամանակ՝ մեկ հարյուրամյակ անց հաշտեցման գործընթացի ապահովումը։
Ցեղասպանության հետևանքներից է ժողովրդի պատմական հիշողության նոր շերտի առաջացումը, որում նստվածք են տվել ու արմատավորվել ցեղասպանության հետ կապված բոլոր երևույթները, ահավոր կորուստների, ավերված տների, ապրածի մղձավանջը, սերնդի կրած ցավն ու դաժանությունը։ Իր ծագումով, բնույթով ու բովանդակությամբ այս հետևանքն աչքի է ընկնում խոր գգացմունքայնությամբ։ Սերնդից սերունդ հաղորդվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի, մարդ անհատի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում։ Արեւմտյան Հայաստանից տեղահան եղած եւ Օսլոյում հաստատված Օդետ Նիկգոլն ու Շաբնամ Էգբալին ներկայացրել են իրենց գերդաստանի ողբերգական պատմությունը։
Այնուհետեւ, համաժողովին մասնակից բանախոսներն ուսումնասիրված եւ գիտականորեն հիմնավորված թեզերով ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները, փաստարկումներն ու եզրահանգումները։
Համաժողովում ելույթ ունեցած հեղինակներն ու ելույթների թեմաներն կարողեք տեսնել հղումով
Յուրաքանչյուր թեմատիկ ելույթից հետո տեղի են ունեցել պանելային թեմատիկ քննարկումներ։
Համաժողովի հաջողությունը պայմանավորված էր նաեւ զեկուցողների գիտական, ապացուցված ելույթներով։ Եւ ինչպես ընդգծել են մասնակիցները՝ գիտականորեն փաստարկված ապացուցված լույսն ավելի պայծառ է, քան ստվերը։ Ի հակառակ դիմադրության՝ ուղերձը հստակ էր․ «Ճշմարտությունը հավերժ է ապրում։ Անկախ նրանից՝ դուք այն ընդունում եք, թե՝ ոչ, դրանից չեն փոխում պատմական իրական, ապացուցված փաստերը»։
Համաժողովին ուշի ուշով հետեւում էր Նորվեգիայի հայ համայնքը՝ միասնականությամբ և պատրաստակամությամբ։

